Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/3/2022
share

Բրոնզեդարյա անցյալի նոր բացահայտումներ Վահագնիում

ՀՀ Լոռու մարզի Վահագնի գյուղը (նախկին անվանումը Շահալի) գտնվում է մարզկենտրոն Վանաձորից 21կմ հյուսիս-արևելք։ Գյուղի անվանման, բնակեցման հետ կապված շատ ավանդություններ կան, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։ Մինչև 1600-ական թվականները գյուղը բնակեցված է եղել հայերով, գյուղի  տարածքում եղել է 7 բնակատեղի։ 1600 թվականին Շահ Ալին հարձակվում և գրավում է գյուղը, տեղի բնակիչներիը գաղթում են հարավ, իսկ այնտեղ սկսում են բնակվել պարսիկներ։ Այս պատմական իրադարձության հետ են կապում գյուղի նախկին՝ Շահալի անունը։ 1800-ականներին գյուղը նորից հայանում է։ Գյուղը բաղկացած է եղել երկու մասից՝ Վերին Հագնի և Ներքին Հագնի։ Վահագնի անունը գյուղին տվել է Անտոն Քոչինյանը, ով ծնունդով այդ գյուղից է։
ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության կենտրոնի հնագետները Վահագնի բնակավայրում  հայտնաբերել են միջին բրոնզեդարյան դամբարանադաշտ։ Դամբարանադաշտի առկայության առաջին վկայությունները բացահայտել է Վահագնի գյուղի բնակիչ ապագա պատմաբան Սեյրան Ղազարյանը, ով այդ տարածքում գտել է առաջին հնագույն նմուշները։
Այն զբաղեցնում է 2 հա տարածք, և իրենից ներկայացնում է սալարկղային դամաբարանադաշտ։ Փաստագրվել է մոտ 2 տասնյակից ավելի բրոնզեդարյա թաղումներ։ Պեղումների արդյունքում հայտաբերվել են կավանոթներ, բրոնզե դաշույն, սարդիոնից ուլունքներ։
«Սարդիոնե ուլունքների առկայությունը գտածոների մեջ վկայում է այն մասին, որ տարածքում բնակվել են հարուստ մարդիկ, և նրանց մասունքներն են ամփոփված հայտնաբերված դամբարանադաշտում։ Ընդհանրապես, սարդիոնե հուլունքներ միշտ չէ, որ հայտնաբերվում են պեղումների ժամանակ,-ասում է ապագա պատմաբան Մերի Կիրակոսյանը,-այս գտածոների յուրահատկությունը հենց դրանում է կայանում»։
 Հայտնաբերված դամբարանները և բոլոր գտածոները թվագրվում են միջին բրոնզի դարաշրջանով։ Գիտնականների կարծիքով դամբարանադաշտը և բոլոր գտածոները Ք․Ա․ 18-17 դարերի են։
Ներկա պահին դամբարանադաշտում պեղումներ չեն կատարվում։
  2021թ․ ԿԳՄՍ նախարարության հանձնաժողովի եզրակացությամբ դամբարանադաշտին տրվել է հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։
 Այս բացահայտումը Վահագնիի համար կարող է դառնալ հերթական հնարարավությունը բնակավայրը ավելի հայտնի դարձնելու համար։ Պետք է քայլեր ձեռնարկվեն դամբարանադաշտի պահպանությունն ապահովելու և պեղումները շարունակելու համար։ Տարածքը կարիք ունի բարեկարգման, որ ավելի գրավիչ լինի զբոսաշրջիկների համար։


cvmedia.am քաղաքացիական լրագրող՝ Էդգար Մայիլյան

4

facebook sharing button facebook